Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...
Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ըստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։
Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։
Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...