Ես ձեզ բերի բարի լուր, Իմ եղբայրներ, արթնացե՛ք. Լո՛ւյս է, լո՛ւյս է ամենուր, Մեռած-քնած, վե՛ր կացեք... Ձեզ կոչում է անդադար Նոր միացման մոռացում. Առվակ, արև ու անտառ Ձեր երգին են սպասում։ Լույս է, լույս է ամենուր, Պատանիներ և կույսեր, Ես ձեզ բերի բարի լուր, Նոր հիացում, նոր հույսեր. Շիրիմներից ելեք վեր, Մահիճներից հեշտանքի Թևեր առեք, լույս թևեր Նոր արբունքի, նոր կյանքի։
|
Կանգնած եմ նորից ահեղ անտառում Ճանապարհների բաժանումի մոտ. Հանգչում են վերջին կրակներն աղոտ, Ու մութն է կրկին իջնում ու փռվում...
Անցած օրերըս շարքերով դալուկ Շողում են ահա և անհետանում. Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. — Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։
Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ, Հազար ձայներով անտառն է խոսում, Ես ուղիների լաբիրինթոսում, Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։
Կանգնած եմ նորից ահեղ անտառում Մութ ուղիների բաժանումի մոտ. Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն, Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...
|
Հեռու դղյակի քնքուշ թագուհին Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում Շրջում է և ինձ կանչում է կրկին, Ցերեկը տրտում, գիշերը անքուն Հեռու դղյակի քնքուշ թագուհին։
Կար մի դյութական ուրիշ ժամանակ, Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝ Ես թողնում էի օրերըս մենակ Եվ այս աշխարհից սլանում հեռու... Կար մի դյութական ուրիշ ժամանակ...
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝ Թողնում էի այս վայրերը թառամ, Սլանում, որպես լուսեղեն մի ամպ, Եվ փարում նրան, փայփայում նրան, Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։
Հիմա չգիտեմ այն լուսե ուղին, Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես Հեռու դղյակի քնքուշ թագուհին Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին...
|
Մեգ է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, — Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ, — Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝ Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս....
|
Գիշեր է իջել. լռել են բոլոր Աղմուկները չար, խոսքերը պատիր Ջրերը մեղմիվ երգում են օրոր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր...
Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր Թափառականը մեն ու տարագիր, Աստղերը խմբով երգում են օրոր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր...
Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր, Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, — Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր, — Սիրտ իմ, հանդարտի՛ր...
|
Բարակ ամպերը մաղում են ոսկի, Ջրերը անուշ հեքիաթ են ասում. Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի, Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...
Լռին դաշտերի հանգիստը խոսուն Մի հեզ տխրության լույս է ըստվերում. Խաղաղ ջրերի վճիտ ալմասում Դողում է ոսկե ամպերի հեռուն։
Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ, Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում. Մեկը այնտեղ իր հեռուն է վառել, Որպես երկինքը ջրի ալմասում։
Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր, Քո վիշտն է փռված անհուն աշխարհում, Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր, Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...
|
Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.— Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում, Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, — Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ
Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ , Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։
|
Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված, Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ. Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած, Երազել գալիք ջրերի համար։
Ես չար հոսանքով մղված եմ հեռուն, Եվ անվերադարձ փակված է ուղին. Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն, Մատնված մութին և մառախուղին։
Մի անմայր մանուկ, հեկեկանքներից Հոգնած ու բեկված — ննջել է ուզում. Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից, Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...
|
Դառնություն է լցված ու թախիծ Քեզ օտար պոետի երգերում,— Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց Նետեցիր քո նետերն իմ հեռուն։
Մթամած օրերիս տանջանքում Արեգակ տենչացի, և ահա, Քո խավարն է փռված իմ հոգում, Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ...
Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին. Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ Եվ գերի դիվային քո կամքին...
Դառնություն է լցված և թախիծ Քեզ օտար պոետի երգերում.— Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց Նետեցիր քո նետերն իմ հեռուն...
|
Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս Ջութակի հեկեկանքը տրտում Եվ լալիս է անվերջ ու լալիս Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։
Անհույս է այդ երգը, որպես մութ Գիշերըս, գիշերըս աշունքվա. — Կարծես՝ սուգ են անում և անգութ Եվ դառը լալիս են իմ վրա...
Այնքան վիշտ կա անհույս այդ երգում, Այնքան դառը տանջանք ու թախիծ, Եվ անվերջ, հավիտյան է երգում, Հեկեկում այդ երգը այնտեղից.,.
Եվ ձուլված է արդեն իմ հոգուն, Իմ բոլոր օրերին է ձուլված. Տրտմություն է իմ շուրջն ու բեկում, Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց...
Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ, Ամե՜ն տեղ է փռված տրտմություն. Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց Սպասեմ ավետիք ու խնդում...
| |