Գիշեր է իջել. լռել են բոլոր
Աղմուկները չար, խոսքերը պատիր
Ջրերը մեղմիվ երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...
Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աստղերը խմբով երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...
Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր,
Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, —
Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...