Բովանդակություն
Վեպեր,վիպակներ ու լեգենդներ [4]
Հովհաննես Թումանյան [19]
Հովհաննես Շիրազ [13]
Ավետիք Իսահակյան [8]
Սայաթ-Նովա [4]
Վահան Տերյան [31]
Համո Սահյան [5]
Սիլվա Կապուտիկյան [5]
Եղիշե Չարենց [1]
Պարույր Սևակ [4]
Նաիրի Զարյան [0]



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Գրականություն
Գլխավոր էջ » 2009 » Январь » 16 » ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
19:22

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

(Հ ա մ բ ա ր ձ մ ա ն ա ռ ա վ ո տ ը )
 
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ - փունջ աղջիկները սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
   
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Սև սարեր յա՛յլա,,
Յա՛յլա ջան , յա՛յլա:
 
Երգ ու բույր խառնած,
Թև - թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում ,
Ինչպես թիթեռներ:
 
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Սև օրեր յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա:
 
Եկավ Համբարձում՝
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում .
- Ո՞վ է մեզ գըրված:
-Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ու՞մն ես դու
-Աստված գիտի , աշխարհ գիտի՝ իմն ես դու:
 
Դե հանի՛ր, ա՛ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:
 
Բեղ ծիլ - ծիլ, բոյը թիլ - թիլ էն յարի,
Ի՞նչ դարդ ունեմ , քանի նա կա աշխարհի:
   
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Հուր սըրտեր յա՛յլա,,
Յա՛յլա ջան , յա՛յլա:
 
Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում .
Ելնում է մեկին իր երազն ու սերը,
Մյուսի մուրազը սըրտումն է մնում :
  IX  
Պըտույտ է տալիս վիճակը նորից՝
Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,
Թընդում “ջան գյուլում ” մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:
 
-Ա՛յ թուխ մազերով աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Ով որ քեզ սիրի, աղջիկ:
 
-Ո˜հ, ի˜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբա՛խտ քույրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի , ով որ հանեցիր…
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:
 
Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա.
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա:
 
Ա˜խ, չէ,՛ ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե˜ք, երբե˜ք բախտ չեմ ունեցել …
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են ինձ դեռ անիծել…
Ասում են՝ մի օր , ես օրորոցում ,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում ,
Իմ նանը նրան բաժին չի տալի.
Կորի՛, ասում է , կորի՛ մեր դըռնից ,
Երեխես ճաքեց , հեռացի՛ր , գընա՛…
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե՝ դըրա օրը լացով անց կենա …
Ա˜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա˜կ, սիրտըս էլ միշտ մու˜թ,
Ի˜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
-Մի՛ տըրտմիր, Անու՛շ, մի՛ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա˜ք…
Հանգիստ կաց, քույրի՛կ, մի՛ վախի՛ր էդքան,
Կայնքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է , քույրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:
 
( Խ ո ւ մ բ ը ե ր գ ո ւ մ է )

Աղջի, բախտավո՛ր,
Երնե˜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև - սև աչքերին :
 
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Սեր- օրեր յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա:
 
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես :
 
 
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Սար -յարեր յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա:
   
( Ա ն ո ւ շ ը մ ե ն ա կ )
 
Ա˜խ, իմ բախտը կանչում էինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր …
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
 
Դուք էլ , սարի սիրուն ծաղկունք ,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
Ա˜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր:
 
( Խ ո ւ մ բ ը հ ե ռ վ ի ց )
 
Համբա րձում , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա,
Վառ ցավեր , յա՛յլա,
Յա՛յլա ջան , յա՛յլա:

  - 3-
Категория: Հովհաննես Թումանյան | Просмотров: 1005 | Добавил: liluushik | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:


Copyright MyCorp © 2024