ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի աշխարհը հրաժեշտ կտա լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնին, ով մեկուկես շաբաթ առաջ մահացավ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Փոփ-երաժշտության արքան», պատմության մեջ ամենահաջողակ երաժիշտներից մեկը, ում Thriller-ը գրանցվել է Գինեսի գրքում՝ որպես բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենավաճառվող հավաքածու, վերջին հանգրվանը կգտնի հոլիվուդյան հայտնի Forest Lawn գերեզմանատանը, Ամերիկան հռչակած մյուս հեղինակությունների՝ Կլարկ Գեյբլի և Համփրի Բոգարտի կողքին: Ջեքսոնի հուղարկավորությանը, որը նախատեսված է առավոտյան 08.00-ին (Երևանի ժամանակով 20.00), կմասնակցեն միայն հանգուցյալի մոտ բարեկամներն ու ընկերները:
Դրանից երկու ժամ անց Լոս Անջելեսի Staples մարզական-զվարճանքների կենտրոնում կսկվի աստղին նվիրված արարողությունը, որի մանրամասների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ կազմակերպիչներն ու Ջեքսոնի հարազատները պատրաստությունները քննարկել են մինչև վերջին պահը: Staples-ի մուտքը լինելու է միայն տոմսերով. Ջեքսոնի՝ համացանցում դիմում ներկայացրած 1,6 միլիոն երկրպագուներից միայն 8 հազար 750-ն է ստացել բաղձալի տոմսը: Եվս 6,5 հազար տոմս ունեցող կկարողանա հարևան Nokia Theatre-ում դիտել հրաժեշտի արարողության ուղիղ հեռարձակումը:
Միաժամանակ, նախկինի պես անհայտ են մնում 50-ամյա երգչի մահվան պատճառներ: Ջեքսոնի ընտանիքը դժգոհ է մնացել, որ դիահերձում անցկացրած բժիշկները չեն կարողացել անմիջապես հայտնել, թե ինչից է մահացել երաժիշտը: Կրկնակի զննության արդյունքները ստանալու համար Ջեքսոնները երկար ժամանակ հետաձգում էին հուղարկավորությունը, սակայն այս արդյունքները նույնպես ուշանում են:
ԶԼՄ-ները երգչի մահվան տարատեսակ տարբերականերն են առաջ քաշում՝ չափազանց մեծ թվով թմրանյութերի օգտագործումից մինչև բժշկական սխալը: Հաստատ է միայն այն, ոչ Ջեքսոնի առողջությանը լրջորեն վնաս են հասցրել բազմաթիվ պլաստիկ վիարահատությունները:-0-